Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ջերմուկում ասում էր՝ ադրբեջանցիները քաղցած կամ իր բառով ասած՝ սոված կմնան, կթողնեն կգնան. Գնացե՞լ են: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Դիտարկմանը, որ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասում է, որ խաղաղության հետ կբերենք տարածքները, Բագրատ Սրբազանն ասաց. «Զինված ուժերի շտաբի պետն ասում է՝ խաղաղության հետ կբերե՞նք։ Է բա ինչի՞ է այդ համազգեստը ինքը հագել: Թոշակ, փող, աշխատավարձ, տուն պահելու համա՞ր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ուղղակի իրավունք չունի դրա մասին խոսելու: Ինքը եթե ասելիք չունի, գոնե պիտի լուռ մնա։ Թող մյուսները խոսեն դրա մասին, ովքեր որ կան, ոչ ինքը»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Տավուշում սկսվել է արդեն սահմանազատումը, նա նշեց. «Սահմանազատումը չի սկսել, բայց տեղեկություններ գալիս են, որ ինչ-որ չափագրումներ են անում, ոչ միայն Տավուշում, նաև Տիգրանաշենի հատվածում: Ես աչքով չեմ տեսել, բայց փոխանցում են տեղեկությունները, առաջիկային ավելի ստույգ կիմանանք ինչպես է:
Մենք 1000 խնդիր ունենք, բայց լուծումը մեկն է՝ չարիքի հեռացում, վերջ»:





























