Զինված ուժերի և ընդհանրապես սպայական դասն այն սյունն է, այն ողնաշարն է, որի շուրջ կառուցվում է պետությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում ունեցած իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «
«Այո՛, ճիշտ է նշվում, որ մենք թերությունները չպետք է թաքցնենք, բայց մենք չպետք է թաքցնենք ո՛չ բանակի թերությունները, ո՛չ Կառավարության թերությունները, ո՛չ հանրային թերությունները, ո՛չ մասնավոր հատվածի թերությունները:
Դա էլ անարդար է, որ բոլորը նկատում են բանակի թերությունը, սակայն ասվում է՝ դիմացինի աչքի փուշը տեսնում ես, սեփական աչքի գերանը չես տեսնում: Սա է մեր ուղեգիծը՝ տեսնել բանակի թերությունները, բայց տեսնել բանակի թերության կապը մեզնից յուրաքանչյուրի թերության հետ, որովհետև բանակն օդից չէ, բանակը ձևավորվում է մանկապարտեզում, դպրոցում, թաղում, աշխատանքային կոլեկտիվներում:
Բանակում այսօր չկա թեկուզ մի պրոբլեմ, թեկուզ մի թերություն, որը չի ծնվել բանակից դուրս: Այդպիսի պրոբլեմ գոյություն չունի: Բանակի բոլոր պրոբլեմները ծնվել են բանակից դուրս, բոլոր պրոբլեմները, ուրիշ բան՝ այդ պրոբլեմները կարող են գալ բանակում զարգանալ մի փոքր, ձևափոխվել, բայց չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է, որ մենք կարող ենք ասել բանակն այս պրոբլեմը ստեղծեց: Գոյություն չունի այդպիսի պրոբլեմ:
Բոլոր պրոբլեմները բանակ գալիս են հանրությունից, մեր ընտանիքներից, մեր տներից, մեր թաղերից, մեր դպրոցներից, մեր մանկապարտեզներից, մեր քեֆերից, մեր հարսանիքներից, իրար հետ հարաբերվելու մեր ձևերից, և սա մենք պետք է հասկանանք, և սա մենք հասկանում ենք, որովհետև դուք պետք է իմանաք, որ Կառավարությունը դա հասկանում է:
Ես չեմ ուզի տպավորություն ստեղծվի, թե բանակում կա մի պրոբլեմ, անկախ նրանից, թե ով ինչքան է ներգրավված, որ մենք մեր մաշկի վրա չենք զգում: Որովհետև հատկապես այս դիրքում, երբ ամենօրյա ռեժիմով զբաղված ես այդ և այլ բազմաթիվ պրոբլեմներով, այդ պրոբլեմները չզգալ պարզապես հնարավոր չէ»:











