Այսօր Հայաստանի բանակը իշխանությունների կողմից բարոյազրկվում է, գեներալները դատվում են. դատվում են նրա համար, որի համար հերոսի կոչում են ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Դա ամոթ է, մենք ունենք վաստակած զինվորականներ, որոնք Բաքվի բանտերում են եւ նրանց տիրություւն անելու համար չկա ոչ մի դիվանագիտական գործընթաց: Իշխանություննոերը ոչ մի բան չեն անում: Ավելին, իրենց լրատվամիջոցներով այն թեզն են տարածում, որ դրանց դա էլ քիչ է, ավելին պետք է պատժվեին: Սա խայտառակ բան է, դա բանակը հուսալքող, ջարդող գործընթաց է: Այսօրվա իշխանությունների բնորոշմամբ, բանակը կարծես դավաճանների որջ է: նաեւ պաշտոնական հայտարարություններ են լինում, որ մեր բանակը թույլ է, մենք խնդիր չունենք ռազմական ճանապարհով մեր տարածքները հետ վերադարձնելու: Թշնամին կարող էր այսպես վարվել»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունների կողմից հնչող թեզերը մեկը մեկին համընկնում է թուրքերի ու ադրբեջնցիների ցանկությունների հետ. «Բոլոր գործընթացներով, բոլոր գործողություններով գնում է բանակի ոչնչացման, թուլացման, բարոյազրկման, ինչը բերում է նաև ընդհանուր հանրային հիասթափության, հանրային կոտրվելու, որի արդյունքը կարող է լինել միայն պետականության կորուստը: Իսկ իր ամբողջ գործունեությունը ամբողջական նայելով պետականության կորստի է տանում՝ քո ինքնության, սուվերենության կորստի, տարածքների զիջումը, փախստականների հարցը, անկլավների հարցը, մեր հայցերը Եվրոպական դատարաններից հետ վերցնելու հարցը, բանտերում Ադրբեջանի պահվողների խնդիրը: Այս մոզայիկան, որ հավաքում ես, տեսնում ես, որ միակ նպատակը երկրի ոչնչացումն է, սուվերենության ոչնչացումն է: Ամբողջական եզրակացությունը հետևյալը, կարծես այդ մարդուն առաջադրանք է տրված, ամեն ինչ անել առաջիկա տարիների ընթացքում ոչնչացնելու Հայաստանի պետականությունը»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ ակնհայտ է, որ դա թուրքական թելադրանք է. «Թուրքերը իրենց երկար տարիների քաղաքականությունը, որի դեմ պայքարում էր ամբողջ առաջադեմ մարդկությունը, բոլոր երկրները հերքում են, մերժում են, ժխտում են Հայաստանի միջոցով։ Որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ հայերը իրենք կհերքեն, կմերժեն իրենց նկատմամբ պատմական այդ անարդարությունը, ցեղասպանությունը։ Հիմա ասեք խնդրեմ, որևէ երկիր այլևս հանձն կառնի՞ ցեղասպանության ճանաչման այդ գործընթացին:
Դիտարկմանը, որ շատերը դրա տողատակում տեսել են, որ դա Ռուսաստանի հետ կապված հստակ ուղերձ կար, որ մեղքը նրանցն է, Խորհրդային Միությանը, Արամ Մանուկյանն ասաց. « Սա այն նույն փիս խասյաթն է, ուրիշների մեջ գտնել մեղքը, կրկին իր տերերի պատվերը կատարել, ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա: Բայց Ռուսաստանն էլ է ճանաչել ցեղասպանությունը: Եթե Ռուսաստանը չլիներ, կներեք, Արևելյան Հայաստանը չէր լինի։ Ռուսաստանի շնորհիվ էր, որ արևելյան Հայաստանը եղավ, և 12,000 քառակուսի կիլոմետրը ռուսների շնորհիվ դարձավ 30,000, ինչն այսօր ունենք։ Այսինքն թուրքերը, որ իրականացրել են, մեղավոր չեն, ռուսները, որ կարող է աչք փակած լինեին կամ լոյալ լինեին, ասենք՝ նրանք մեղավոր են ցեղասպանության իրականացման համար: Սա դաժան, լկտի ամբարտավան անբարոյականություն է մեր պատմության նկատմամբ»,-ասաց նա:











