Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է 19:19-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  հունվարի 28-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։

Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին։ Երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվում են խոհանոցային կահույք և տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։