ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ SpaceX-ը հնարավորինս շուտ Երկիր վերադարձնի ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Բութչ Ուիլմորին եւ Սունիտա Ուիլյամսին, որոնք Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) են գտնվում 2024թ. հունիսից։ Այս մասին հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, որը պատասխանատու է նաեւ ամերիկյան կառավարության արդյունավետության բարձրացման համար։
«Նախագահը խնդրել է SpaceX-ին որքան հնարավոր է շուտ տուն վերադարձնել երկու տիեզերագնացներին, որոնք մնացել են Միջազգային տիեզերակայանում: Մենք դա կանենք»,- գրել է նա X-ում։
Մասկը քննադատել է նաեւ պետության նախկին ղեկավար Ջո Բայդենի վարչակազմին՝ Ուիլմորի եւ Ուիլյամսի վերադարձի հարցը չլուծելու համար։
Ուիլմորը եւ Ուիլյամսը ՄՏԿ են հասել Starliner տիեզերանավով, որը Boeing-ը արձակել է հունիսի 5-ին։ Սա նրա առաջին թռիչքն է տիեզերակայան: Ի սկզբանե նախատեսված էր, որ Ուիլմորը եւ Ուիլյամսը ուղեծրում կմնան մինչեւ հունիսի 18-ը: Ավելի ուշ, տիեզերանավի անսարքության պատճառով, որը կապված էր մի քանի շարժիչների խափանման հետ, վերադարձի ժամկետները տեղափոխվել են նախ հունիսի 26, իսկ հետո անորոշ ժամանակով: Արդյունքում՝ NASA-ն որոշել է, որ տիեզերագնացները Երկիր կվերադառնան SpaceX-ի Crew-9 առաքելության շրջանակում 2025թ. գարնանը։





























