ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը պայմանավորվել են Ռուսաստանի Դաշնության վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում «արդար» խաղաղության հասնելու համար, գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ անանուն պաշտոնյային, որը ծանոթ է քաղաքական գործիչների հեռախոսազրույցի բովանդակությանը:
«Կալասը եւ Ռուբիոն պայմանավորվել են Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է գործակալությունը:
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ կողմերը քննարկել են նաեւ երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը, ինչպես նաեւ ընդհանուր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել էր, որ Ռուբիոն Կալասի հետ զրույցի ընթացքում ողջունել է Բրյուսելի որոշումը՝ երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Բացի այդ, Ռուբիոն կոչ է արել Կալասին մեծացնել եվրոպական պաշտպանական ծախսերը՝ ընդգծելով տրանսատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը եւ մատնանշելով Չինաստանի մարտահրավերները։





























