Առնվազն 15 մարդ է զոհվել հնդկական Կումբհա մելա ամենամեծ փառատոնում տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, որն անցկացվում է Գանգես եւ Յամունա գետերի միախառնման վայրում, Հնդկաստանի հյուսիսային Ուտար Փրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում: Այս մասին հայտնել է AFP-ը՝ հղում կատարելով հնդկական բժշկական ծառայությունների աղբյուրին։

Նրա խոսքով՝ փառատոնի բազմաթիվ այցելուներ եւս տուժել են ու հոսպիտալացվել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։

Հնդկական Hindustan Times թերթը նաեւ տեղեկացրել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Ուտար Փրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթի հետ՝ հրմշտոցի մասին հաղորդումներից հետո:

Հնդկաստանի հյուսիսում 12 տարին մեկ անցկացվում է Կումբհա մելա փառատոնը: Հունվարի 13-ից սկսած՝ ավելի քան 110 միլիոն ուխտավորներ արդեն մասնակցել են փառատոնին եւ լողացել Գանգեսում: Ակնկալվում է, որ ընդամենը 45 օրվա ընթացքում փառատոնը կներգրավի 450 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,5 միլիոն օտարերկրացիներ: Մասնակիցներին հաշվում են արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների միջոցով։

Այդ մարդիկ ուխտագնացություն են կատարում դեպի Պրայագրաջ՝ ծիսական լոգանք ընդունելու Սանգամում՝ սուրբ Գանգես եւ Յամունա գետերի միախառնման վայրում: Առանձին օրերին, որոնք որոշվում են ըստ լուսնի փուլերի եւ մոլորակների դիրքի, հատկապես կարեւոր է լվացում անելը։ Ենթադրվում է, որ սուզվելով Սանգամի մեջ՝ մարդը լվանում է բոլոր մեղքերը եւ ազատվում մահվան եւ վերածննդի ցիկլից: