Ավստրալիայի ոստիկանությունը Սիդնեյի մերձակայքում հայտնաբերել է լքված վագոն-տնակ, որում եղել են պայթուցիկ նյութեր և փաստաթղթեր: Դրանք վկայում են հրեական համայնքի վրա հարձակման հնարավոր դավադրության մասին: Տեղի իշխանությունները կարծում են, որ դրանով հնարավոր է՝ կանխվել է ահաբեկչությունը, հայտնում է 9news հեռուստաալիքը։
Լքված վագոն-տնակը 10 օր առաջ հայտնաբերել է տեղի բնակիչը Սիդնեյի հյուսիս-արևմտյան արվարձանների փողոցներից մեկում։ Նա այն քարշակով տարել է իր տուն և միայն ավելի ուշ նկատել, որ ներսում պայթուցիկ կա, ինչի մասին հայտնել է ոստիկանություն:
Քննիչները կարծում են, որ տեղի տղամարդու զգոնությունը հնարավոր է՝ կանխել է Ավստրալիայի հրեական համայնքի վրա ուղղված ահաբեկչական հարձակումը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է NSW ոստիկանության փոխհանձնակատար Դեյվիդ Հադսոնը։
«Այդ վագոն-տնակում պայթուցիկների քանակություն կար, և որոշ ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ այդ պայթուցիկները նախատեսված էին ինչ-որ հակասեմական հարձակում իրականացնելու համար», - ասել է Հադսոնը:
Նա նշել է, որ քննիչները նաև ուսումնասիրում են այն հնարավորությունը, որ վագոն-տնակը միտումնավոր են լքել՝ անհայտ պատճառներով, որպեսզի այն գտնվի: Միևնույն ժամանակ, նահանգի վարչապետ Քրիս Մինսը կատարվածը որակել է որպես «մարդկանց հնարավոր զանգվածային կորուստների կանխարգելում»՝ հավելելով, որ, իր տեսանկյունից, սա ահաբեկչության դեպք է։ Ոստիկանությունն ընդգծել է, որ այս պահին բնակչությանը սպառնացող վտանգ չկա։





























