Մենք նախատեսում ենք ստեղծել բաց էլեկտրոնային հարթակ, որտեղ ներկայացված կլինեն զբոսաշրջային գործունեության բոլոր սուբյեկտները, ներառյալ տուրօպերատորները եւ տուրիստական գործակալությունները, ինչպես նաեւ ուղեկցորդները եւ տրանսպորտային միջոցներ տրամադրող ընկերությունները։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը։
Պաշտոնյան նշել է, որ պարտադիր պահանջ է լինելու կայքի առկայությունը, որը կապահովի զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ստուգման գործընթացը, ինչն իր հերթին կհանգեցնի ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացման եւ պետական երաշխիքների ներդրման, կտրամադրվեն այն ծառայությունները, որոնց համար զբոսաշրջիկը վճարել է ապահովագրական ինստիտուտի, բանկային երաշխիքի կամ հիմնադրամի միջոցով: «Կպահանջվի գործող, մշտապես թարմացվող վեբ կայք, որտեղ կներկայացվեն նաեւ պայմանագրերի նմուշները, որպեսզի հաճախորդները կարողանան նախապես ծանոթանալ դրանց»,- նշել է կոմիտեի ղեկավարը։ Կհանվի գրասենյակ ունենալու պահանջը, սուբյեկտները կկարողանան ներկայացված լինել կայքերով եւ սոցիալական ցանցերով, ինչը, նրա գնահատմամբ, թվայնացմանն աջակցելու քայլ է։
Գեւորգյանն ընդգծել է, որ տուրօպերատորից կամ նրա ղեկավարից կպահանջվի ունենալ աշխատանքային փորձ մասնագիտությամբ կամ աշխատանքային փորձով, կամ բարձրագույն, միջնակարգ մասնագիտական կրթություն զբոսաշրջության ոլորտում։ Նա նաեւ հայտնել է, որ նախատեսվում է ներդնել ատեստատների տրամադրման եռաստիճան որակավորման փուլ՝ անբարեխիղճ զբոսավարների խնդրի ֆոնին, որոնք բավարար գիտելիքներ չունեն։ «Այն զբոսավարների համար, ովքեր նախկինում վկայականներ են ստացել, կկիրառվի արագացված մեթոդ։ Ստանդարտներ կներդրվեն նաեւ տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունների համար։ Նրանք կստանան վկայականներ եւ QR կոդեր»,- եզրափակել է պաշտոնյան։



























