Մոսկվայի դատախազությունը պահանջում է քրեական գործ հարուցել բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի համար։ Այս մասին հայտնել են մայրաքաղաքի վերահսկողական գերատեսչությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Դատախազական ստուգման նյութերն ուղարկվել են քննչական մարմին՝ Ա.Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցը լուծելու համար Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության հրապարակային կոչեր),- նշվել է գերատեսչության թելեգրամ-ալիքում։
Ըստ իշխանության մարմնի ներկայացուցիչների՝ Մարգարյանը «ձեւավորել է ամուր դիրքորոշում ահաբեկչության գաղափարախոսության եւ պրակտիկայի ճիշտության վերաբերյալ» եւ «հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի Դաշնության տարածքում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու համար»։
Մարգարյանը հայտնի է դարձել իր կնատյաց հայտարարություններով։ Նա պնդում էր, որ կանայք թե՛ ֆիզիկապես, թե՛ ինտելեկտուալ առումով զիջում են տղամարդկանց, բայց հոգեբանական մանիպուլյացիաներով գերազանցում են նրանց: Նրա կարծիքով՝ հասարակությունը տղաներին «զոմբիացնում» է նույնիսկ մանկության տարիներին՝ նրանց մեջ սերմանելով «թույլ» աղջիկներին պաշտպանելու անհրաժեշտությունը։ Բլոգերի արտաքին տեսքի պատճառով սոցցանցի օգտատերերը նրան տվել են «Միզոգիմլի» մականունը՝ «Մատանիների տիրակալ»-ի գաճաճ Գիմլիի եւ «միզոգինիա» բառի հղմամբ:





























