Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը համակարգերի բացակայությունն է, երբ իրականում մեծամասնություն չունեցող քաղաքական ուժը իրեն թույլ է տալիս առանց ավագանու որոշման ասել՝ գինը այսքան կդառնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Ո՞վ ասաց՝ կդառնա, բա ո՞ր ավագանին չհաստատեց: Երբ որ դու ինստիտուտը չես հարգում, չհարգված ինստիտուտը միշտ անարդյունք է լինելու։ Այդ չհարգված ինստիտուտն է, որ առանց նախագիծը կարդալու կողմ է քվեարկում, այդ չհարգված ինստիտուտն է, որ նախագծին կողմ քվեարկելուց առաջ հարցադրումներ չի անում, իսկ այնտեղ, որտեղ բովանդակության համար հարցադրումներ չկան, որոնց պատասխանները գտնեն, միշտ ստեղծվելու են այնպիսի փաստաթղթեր, որոշումներ, ձևավորված որոշումներ, որոնք բնականաբար լինելու են վատը և խոցելի»,-ասաց նա:

Պիպոյանը նկատեց, որ ընթացքում սակագնային փաթեթներում փոփոխություններով թյուրիմացության մեջ են գցել քաղաքացիներին. «Մինչև ամսական 40 անգամ օգտվողին խորհուրդ էին տալիս գնել 10 հատանոց փաթեթը, որի արժեքով էլի ստացվում էր ինքնարժեք 200 դրամից բարձր գին։ Մարդը, որը գնում է աշխատանքի, հետո՝ տուն, ամսական մոտ 22 օր, 9000 դրամով ստացվում է 200-ից բարձր սակագին:

Որտե՞ղ է անազնվությունը. Իրենք 40 անգամ օգտվողին խորհուրդ էին տալիս ձեռք բերել չորս հատ 2200 դրամանոց փաթեթ՝ 8800 դրամ։ Էլ չասեմ, 35 անգամ օգտվողին։ Հիմա 35 անգամ օգտվողը քաղաքապետարանի խորհրդին հետևել էր և առել էր երեք հատ, 10 հատանոց փաթեթ 6600 դրամ և հինգ հատ 1300 դրամանոց փաթեթ, 8100 դրամը վճարել էր: Բա այսօր ասում ես՝ 8800 դրամով երկու ամիս անընդհատ ձրի երթևեկի։  Որոշել եք ցույց տաք, որ կարող եք ստանալ 100-ից ցածր թի՞վ, է, գիտեինք, որ կարող էիք ստանալ»,-ասաց Պիպոյանը: