Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Թեհրանում Արհեստական ինտելեկտի և ապագա քաղաքակրթության միջազգային համաժողովում ասել է, որ Իրանն ապագայում ավելի շատ կշահի արհեստական ինտելեկտից ռազմական ոլորտներում՝ գրում է Mehr-ը։

«Երբեմն մենք ստիպված ենք լինում ծովում նավերի հետ պայքարի մեջ մտնել: Հնարավոր է, ապագայում մենք ընդլայնենք այդ ներուժի օգտագործումը»,- ընդգծել է նա։

«Մեծ՝ հազարավոր մղոն հեռավորությունների վրա գտնվող նավերը անջատում են իրենց GPS համակարգը, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել նրանց ներկայիս դիրքը: Սրանք շարժական համակարգեր են ծովում, որոնք արագ փոխում են իրենց դիրքերը»,- նշել է գեներալ-մայոր Սալամին, հավելելով, որ «դիրքի հայտնաբերումը շատ կարևոր է, և երբ դրանք հայտնաբերվեն, կարևոր է իմանալ, թե նավի վրա որտեղ է գտնվում թիրախը»:

«Արհեստական ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիան թույլ է տալիս մեզ գտնել անհրաժեշտ նավը՝ օգտագործելով պատկերների համապատասխանությունը»,- ասել է նա:

Արհեստական ինտելեկտի օգտագործումը կարևոր է բոլոր ոլորտներում, ներառյալ ծովային և ցամաքային հաղորդակցությունները, փրկարարությունն ու օգնությունը, առողջապահությունը, կրթությունն ու ուսուցումը, ազգային անվտանգությունը, կիբեր պաշտպանությունը և բոլոր ոլորտներում՝ ընդգծել է ԻՀՊԿ-ի ղեկավարը։

«Արհեստական ինտելեկտի օգնությամբ մենք մշակել ենք տեխնոլոգիա՝ թիրախները խոցելու համար՝ առանց անմեղ մարդկանց վնասելու»,- ավելի վաղ ասել է Սալամին միջոցառմանը նվիրված իրանցի բժիշկներին, ովքեր բուժել են Հեզբոլլահի անդամներին, որոնք վիրավորվել էին 2024 թվականի սեպտեմբերին փեյջերային հարձակման ժամանակ:

Սալամին փեյջերային հարձակումներն անվանել է «զանգվածային ոչնչացման զենքեր», որոնք ուղղված են բարոյական ոգու ոչնչացմանը և քաոս ստեղծելուն: