Իսպանական ոստիկանությունը փրկել է տղամարդուն, որին առևանգել և պահել էին մեքենայի բեռնախցիկում։ Այս մասին գրում է The Guardian-ը:

Մալագա անդալուզական նահանգի Ազգային ոստիկանության աշխատակիցները հունվարի 23-ին հաղորդում են ստացել այն մասին, որ երկու օր առաջ առևանգվել է տղամարդ: Նրան առևանգել է երկու մեքենաներով տեղաշարժվող տղամարդկանց խումբը, որոնք փնտրում էին տեղեկություններ մեկ այլ անձի գտնվելու վայրի մասին, ով, ըստ երևույթին, թմրանյութերի գործարքի ընթացքում նրանցից խաբեությամբ հափշտակել էր 30,000 եվրո:

Սակայն առևանգվածին հաջողվել է կապ հաստատել ընկերների հետ և իր ընկերուհուն ուղարկել այն մեքենայի ղեկի անիվի լոգոտիպի լուսանկարը, որով նա ընթանում էր: Նա նաև ուղարկել է կոորդինատներ, որոնք ոստիկանությանը տարել են Մալագայից ափամերձ Տոռե-դել-Մար քաղաքի փողոցներից մեկը:

Մի քանի ժամ անց ոստիկանները տեսել են, թե ինչպես են տղամարդուն դուրս բերել մոտակայքում կանգնած մեկ այլ մեքենայից և նստեցրել մեկ ուրիշ մեքենայի հետևի նստատեղին:

«Տեսնելով դա, սպաները սկսել են հետապնդել մեքենան, որը ի վերջո կանգնեցվել է A7 մայրուղում՝ Մալագայի ուղղությամբ»,- նշվում է ոստիկանության հայտարարության մեջ: