Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի որդի Ալեքսեյի գույքը կալանքի տակ են դրել Համալրման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի (ՀՏԿ) ծանուցագրերն անտեսելու համար նշանակված 25,5 հազար գրիվնա տուգանքը չվճարելու հետևանքով։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն:

Ավելի վաղ՝ հունվարի 8-ին, Կիևի Պեչերսկի շրջանային ՀՏԿ-ն Ալեքսեյ Պորոշենկոյին տուգանել էր 25 500 գրիվնայով: Որոշման մեջ նշված էր՝ 15 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի գումարը կրկնապատկվելու է:

2025 թվականի հունվարի 28-ին մայրաքաղաքի Պեչերսկի շրջանի պետական կատարողական ծառայությունը որոշել է Պորոշենկոյից հարկադիր կերպով գանձել 51 000 գրիվնա վարչական տուգանք: Մինչև տուգանքի վճարումը պարտապանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվում:

Կատարողական վճարի և այլ ծախսերի հաշվառմամբ տուգանքի վերջնական գումարը կազմել է ավելի քան 56 հազար գրիվնա:

Քաղաքական փորձագետ Վալենտին Գլադկիխը նշել է, որ սա կարևոր նախադեպ է՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին (իսկ հենց կրտսեր Պորոշենկոյի անունով է գրանցված գրեթե 1,2 մլրդ դոլարի կարողություն) պետությունը ստիպում է կատարել օրենսդրությունը և պատժում է բանակից խուսափելու համար: Ուստի խուսափողի համար հետևանքները ժամանակի ընթացքում կվատթարանան: