Ադրբեջանում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը ընկալվում են որպես սպառնալիք, այդ իսկ պատճառով Բաքուն զգուշանում է Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համաձայնագրից։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանն իրեն շատ ավելի ունակ է զգում անկախ գործողությունների կատարման հարցում, քան նախկինում։ 10 տարի առաջ Պուտինը մեկ հեռախոսազանգով կարող էր դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած հակամարտություն։ Այժմ Ալիևը նաև Անկարայի հեռախոսահամար ունի։ Բացի այդ, Իրանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը չի բարելավվում, և Ադրբեջանը նույնպես կարող է դա օգտագործել՝ իրեն ավելի ազատ զգալու համար»,- նշել է նա։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին սրումը, ըստ նրա, կապված է նաև այն բանի հետ, որ Ադրբեջանը զգում է, որ հնարավորությունների շրջանակը կարելի է ընդլայնել և ընդլայնում է։

«Երբ 2020 թվականին Ադրբեջանը խոցեց ռուսական ուղղաթիռը, Բաքուն անմիջապես արեց այն ամենը, ինչ պահանջվում էր, քանի որ ուկրաինական պատերազմ չկար, և Ադրբեջանն իր համար հնարավոր չէր համարում որևէ այլ բան անելը։ Անցավ բավական ժամանակ, և Ռուսաստանը դադարեց լինել Հարավային Կովկասի գերիշխանը 44-օրյա պատերազմի հետևանքով, որից հետո Ադրբեջանը թույլ տվեց Թուրքիային տարածաշրջան մտնել։ Սա հանգեցրեց նրան, որ Բաքվի հնարավորությունների պատուհանն ընդլայնվեց:

Ինքնաթիռի հետ կապված միջադեպը Ալիևի համար հնարավորություն է ցույց տալու, որ Ադրբեջանն այլ կերպ վարվելու կարողություն ունի։

Ընդ որում, Ռուսաստանն ու Ադրբեջանը այսօր ավելի ընդհանուր շահեր ունեն, քան մինչև 2020 թվականը և 2022 թվականից հետո, իսկ Ադրբեջանն ավելի մեծ արժեք ունի Ռուսաստանի համար, քան Հայաստանը»,- հավելել է փորձագետը։