Կոտայքում տեխսպասարկման կետը հրկիզելու համար օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել քաղաքական գործունեությամբ զբաղվող հայտնի անձ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնում գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու համար հսկայածավալ աշխատանքներ էին կատարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  ոստիկանության Աբովյանի բաժնի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր Կոտայքի մարզի քրեական վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ծառայողները, ովքեր էլ ձեռք էին բերել հավաստի փաստեր, ինչի հիման վրա էլ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ոստիկանություն էին տեղափոխել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործչի։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները կայքը չի բացահայտում։

Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր գոտոլրագրողը, հունվարի 16-ին  հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է գազալցակայանի մոտ գործող յուղերի և պահեստամասերի խանութում: Խանութն ամբողջությամբ այրվել էր: