ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Նյու Յորքի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական գործը կարճելու հնարավորությունը, հայտնել է The New York Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են հարցը Մանհեթենի դաշնային դատախազության, ինչպես նաեւ Ադամսի փաստաբանների հետ։ Նյու Յորքի քաղաքապետի պաշտպանությունը դատարանում իրականացնում է նաեւ փաստաբան Ալեքս Սփիրոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ խորհրդականներից մեկը եւ ամերիկյան նոր՝ DOGE (կառավարության արդյունավետության վարչություն) գործակալության, որը պատասխանատու է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման համար, ղեկավար Իլոն Մասկի փաստաբանը։

Պարբերականը հիշեցրել է, որ Ադամսը վերջերս փորձել է շահել Թրամփի բարեհաճությունը, նա հանդիպել է նրա հետ Ֆլորիդայում, մասնակցել երդմնակալությանը եւ խոստացել հրապարակավ չքննադատել նախագահին։ Ըստ թերթի աղբյուրների՝ Նյու Յորքի քաղաքապետն ու ԱՄՆ նախագահը պարբերաբար շփվում են հեռախոսով։ The New York Times-ը չի բացառում, որ Թրամփը կորոշի ներում շնորհել Ադամսին։

2024թ. սեպտեմբերի 26-ին դաշնային դատախազները Ադամսին մեղադրել են կոռուպցիայի մեջ։ Մեղադրող կողմի հայտարարությունում ասվում է, որ քաղաքապետն իր նախընտրական քարոզարշավի համար կաշառքներ եւ անօրինական նվիրատվություններ է ստացել, այդ թվում՝ արտասահմանյան աղբյուրներից։ Ինչպես տեղեկացրել է The New York Times-ը, քաղաքական գործիչը 2021թ. կարող էր անօրինական կերպով նվիրատվություններ ստանալ թուրքական իշխանությունների ներկայացուցիչներից։ Նյու Յորքի քաղաքապետը չի ընդունում իր մեղքը եւ պնդում է, որ իր նախընտրական քարոզարշավն անցել է ամերիկյան օրենսդրությանը լիովին համապատասխան։