Շվեդիան կարագացնի նոր օրենքի ընդունումը, որը կթույլատրի ոստիկանությանը օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ անչափահասների նկատմամբ՝ երկրի մայրաքաղաք Ստոկհոլմում հունվար ամսին ավազակախմբերի հետ կապված տասնյակ պայթյուններից հետո։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հղում անելով Reuters-ին։ 

Շվեդիան տառապում է ավազակախմբերի հետ կապված հանցագործություններից, որոնք սրվել են վերջին երկու տասնամյակների ընթացքում, և 2023 թվականին երկրում գրանցվել է հրազենային մահացու բռնության ամենաբարձր մակարդակը Եվրոպայում՝ մեկ շնչին ընկնող ցուցանիշով։

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ Շվեդիայում գրանցվել է պայթյունների աննախադեպ աճ, հիմնականում Ստոկհոլմի շրջանում, ընդ որում միայն այս ամսվա ընթացքում դրանց թիվը գերազանցել է 30-ը, և դրանց մեծ մասը կապված է ավազակախմբերի կողմից ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ շանտաժի հետ։ 

«Ակնհայտ է, որ մենք չենք կարող վերահսկել բռնության այս ալիքը», - ասել է Քրիստերսոնը կազմակերպված հանցագործության դեմ պայքարի խորհրդի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել են կառավարության, ոստիկանության և մաքսային ծառայության ներկայացուցիչներ։ 

Քրիստերսոնը հայտարարել է, որ այս տարի կառավարությունը մտադիր է ձգտել օրենքի ընդունմանը, որը կթույլատրի ոստիկանությանը դիտել բջջային հեռախոսները և լսել 15 տարեկանից ցածր անձանց՝ օգտագործելով էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ։ 

«Դա կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասնել նրանց, ովքեր հաճախ հեռու են նստած և պատվիրում են հանցագործություններ, որոնք կատարվում են երեխաների կողմից Շվեդիայում»,- ասել է Քրիստերսոնը։ 

Նա նաև քննադատել է սոցիալական մեդիա հարթակներին՝ երեխաների պաշտպանության համար բավարար քայլեր չձեռնարկելու համար։ 

Հունվար ամսին տեղի ունեցած պայթյունների հետևանքով վնասվել են շենքեր, և կան վիրավորներ, սակայն զոհեր չկան։ Ոստիկանությունը հրամայել է Ստոկհոլմի հարավային շրջանների բնակիչներին տանից դուրս չգալ։ 

Ոստիկանական հետաքննիչների խոսքով՝ վերջին երկու տարիներին ավազակախմբերը սկսել են օգտագործել TikTok և Instagram սոցիալական ցանցերը, որպեսզի վարձեն  երիտասարդներին հարձակումներ կատարելու համար։ 

Սակայն, չնայած պայթյունների թվի աճին, շվեդական ոստիկանությունը հաջողություններ է գրանցել ավազակախմբերի դեմ պայքարում՝ վերջին երկու տարիներին երկրում նվազել են մահացու կրակոցները և ավելացել են դատավճիռները։