Լիտվայի պետական սահմանապահ ծառայության (VSAT) սահմանապահները Բելառուսի հետ սահմանին 25 մետրանոց ստորգետնյա թունել են հայտնաբերել, որը կարող էր օգտագործվել մաքսանենգության համար՝ հայտնում է LRT-ն։
Թունելը հայտնաբերվել է Պաշալսիս գյուղի մոտակայքում։ Այս մասին LRT-ին ասել է VSAT-ի խորհրդական Գիեդրիուս Միշուտիսը, սակայն ձեռնպահ է մնացել լրացուցիչ մանրամասներ հաղորդելուց։
«Քանի որ նախաքննությունը սկսվել է, մենք բոլոր մանրուքները համաձայնեցնում ենք դատախազության հետ։ Մոտ ժամանակներս մենք զեկույց կհրապարակենք բոլոր մանրամասներով»,- ասել է Միշուտիսը։
Լիտվա-բելառուսական սահմանին ֆիզիկական պատնեշի տեղադրումից հետո մաքսանենգների համար շատ ավելի դժվար է դարձել իրենց անօրինական գործունեությունը: Սակայն նրանք մաքսանենգության նոր ուղիներ են գտնում, օրինակ՝ օդապարիկներով։
VSAT-ի տնօրեն Ռուստամաս Լիուբաևասի խոսքով՝ աերոստատների օգտագործումը հիմնականում նվազում է, իսկ այս տարվա սկզբից առգրավվել է 20 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ։



























