ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տան ճեպազրույցների սենյակում, Վաշինգտոնում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի մահացու բախումն անվանել է «սարսափելի չափերի ողբերգություն» և հաստատել, որ ողջ մնացածներ չկան։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

«Աշխատանքն այժմ անցել է որոնողափրկարարական գործողության։ Ցավոք, ողջ մնացածներ չկան»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահն իր ելույթը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ զոհերի և նրանց ընտանիքների։

«Ես դիմում եմ ձեզ այս առավոտ մեր ազգի համար ցավալի պահին»,- ասել է նա ճեպազրույցում։

Թրամփն ավելացրել է, որ «ամբողջ գիշեր իրականացվել է որոնողափրկարարական լայնածավալ օպերացիա, օգտագործվել են մեր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, և ես պետք է ասեմ, որ տեղական, նահանգային և դաշնային զինվորականները, ներառյալ Միացյալ Նահանգների առափնյա պահպանությունը, հատկապես, ֆենոմենալ աշխատանք են կատարել։ 

«Մութ ու ցավալի գիշեր էր մեր երկրի մայրաքաղաքում և մեր երկրի պատմության մեջ, սարսափելի չափերի ողբերգություն։ Որպես միասնական ազգ՝ մենք սգում ենք յուրաքանչյուր թանկագին հոգու համար, որը մեզանից այդքան հանկարծակի խլեցին»,- ասել է Թրամփը։