Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին կարևորել է Հայաստանի բռնած ժողովրդավարության ուղին՝ շատ բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում: Ղարահխանին նման դիրքորոշում է հայտնել Հայաստան այցի շրջանակում «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական հարևաններ ունի, բայց այն միակ երկիրն է, որն իսկապես ցանկանում է առաջ գնալ ժողովրդավարությամբ, հակակոռուպցիոն և ճիշտ արժեքներով: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել՝ կիսվելով նրանով, թե ինչպես է մեր երկիրը կառուցվել այդ արժեքների վրա»,–ասել է Նորվեգիայի խորհրդարանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության հնարավոր ուղղություններին:
Նա նշել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորության մասին: Ղարահխանին ընդգծել է՝ Նորվեգիան նավթի և գազի առումով կարևոր երկիր է, բայց նաև ցանկանում է ապագայում ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում։
Ղարահխանին շեշտել է՝ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց կիսում է նույն արժեքները, ինչ ԵՄ-ն։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հետ կապված որոշակի գործընթացներին ու ակնկալիքներին՝ նա դա դրական է գնահատել:
«Եթե ուզում եք լինել ԵՄ անդամ, պետք է աշխատեք։ Պետք է աշխատեք՝ հավաստիանալու, որ ձեր երկիրը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, գենդերային հավասարության, մարդու իրավունքների վրա»,–ասել է Նորվեգիայի խորհրդարանի նախագահը:
Նորդիկ–Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակները, փոխխոսնակները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ վարչապետի ու նախագահի հետ: Նրա խոսքով՝ իր գործընկերները, որոնք ԵՄ անդամ են, Հայաստանի ԱԺ նախագահին իրենց աջակցությունն են հայտնել առ այն, որ կանեն ամեն ինչ՝ խթանելու գործընթացը Հայաստանի բռնած ճանապարհին:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այս գործընթացում միջազգային հանրության հնարավոր անելիքների ու դերակատարության վերաբերյալ հարցին՝ Նորվեգիայի խորհրդարանի նախագահն ասել է. «Ձեր ուղին դեպի եվրատլանտյան լուծում կախված է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններից: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դրդի՝ հասնելու խաղաղության»:
Նա ընդգծել է խաղաղության վերաբերյալ համաձայնության հասնելու կարևորությունը:
Ղարահխանին նկատել է՝ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գնալով քչանում է, և ժողովրդավարական երկրները, ինչպիսին Հայաստանն ու Նորվեգիան են, պետք է աջակցեն միմյանց:




























