«Քաղաքապետն ու նիստը վարողն իրավունք ունի կարգազանց ավագանու անդամների նկատմամբ կիրառել համապատասխան միջոցներ, օրինակ, դահլիճից հեռացում»: Այսպես քաղաքապետ Տիգրան Ավինայնն արձագանքեց հարցերին, թե ինչու՞ էին կարմիրբերետավորները ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամին հեռացնում նիստերի դահլիճից։
«Կարծում եմ՝ հաշիվ տալը, թե որտեղ ենք գտնվում և ինչ ենք իրականացնում, շատ կարևոր է: Եթե կարիք լինի, այս միջոցները շարունակաբար կիրառելու ենք»,–հավելեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավագանու արտահերթ նիստը լարված մթնոլորտում է անցնում, կարմիրբերետավորները փորձում էին բերման ենթարկել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
«Խուլիգանությունը այս դահլիճում չի ընդունվելու: Ձեր քուչի մակարդակի բազարները այս դահլիճից դուրս կտանեք: Ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք: Եթե կուզենաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա, դուք դուրսը մնացեք: Տոները իջեցրեք:
Ոստիկանությանը խնդրում եմ մտնել եւ հանել դուրս: Դուրս եկեք, դուրսը շարունակեք: Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, նա չի կարող այսօր մասնակցել նիստին այլեւս»,–նիստի ժամանակ ծագած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ ասել էր Ավինյանը։





























