Քաղաքականությունն այսպիսի բան է, վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու էլ երբեք չի աճում, բայց չի լինում, որ աճում է ու երբեք չի նվազում: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Gallup-ի վերջին հարցումների տվյալներին, ըստ որոնց ՔՊ-ի օգտին կքվեարկեր քաղաքացիների ընդամենը 11%-ը:

«Քաղաքական գործունեությունը մարդկանց հետ երկխոսելու միջոց է, իսկ երկխոսությունը ունի 2 կողմ՝ մենք լսում ենք և արձագանքում: Դուք հարցը ամփոփեցիք մեկ նախադասության մեջ՝ չե՞ք կարծում, որ խնդիրը մեր մեջ է, այս խնդիրը նաև մեր մեջ է: Եթե դուք հիմա ինձ թույլ տաք ու վիրավորական չհամարեք, ապա Ձեր մեջ էլ է խնդիրը: Մեր տարբերությունը մենակ մի բանում է, որ ես իմ կարգավիճակի ու անցած ճանապարհի բերումով ստիպված եմ դրա հետ առերեսվել, դուք ստիպված չեք, չունեք դրա կարիքը»: