«Զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ասում է «ցեղասպանություն»»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ինքը պատկերացնել, որ Իսրայելում իր մակարդակի պաշտոնյան կասկածի տակ դնի Հոլոքստի եղելությունը։ «Միգուցե արտաքին ուժեր կան, որոնք ճնշումներ են գործադրում Ձեզ վրա, և դուք դրա մասին չեք կիսվում հասարակության հետ», – հարցրեց Ռադիո «Վանի» լրագրողը։
Վարչապետը գիտի, որ ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Նա նշեց, որ ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի, սակայն ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել։ «Խոսքը հետևյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյոք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։ Կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ, ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ–որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է այսօր։ Ընդ որում ես պատասխան չունեմ ...»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մենք անընդհատ խոսում ենք Մեծ Եղեռնի մասին, բայց իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի և ՀՀԴ հարաբերությունների հարցը... «Արդյոք դեռ ցեղասպանությունից առաջ, ուրիշ կոտորածների ժամանակ, սկսած Խրիմյան Հայրիկից, երբ մենք աշխարհը, տարբեր կոնֆերանսները ընկալելու բանաձևեր ունեինք, կարո՞ղ է այդ բանաձևերը սխալ են, կարո՞ղ է այդ բանաձևերը մինչև հիմա սխալ են։ Այսօրվա միջազգային իրադարձությունների վերաբերյալ, երբեմն ապոկալիպտիկ, երբեմն փրկչական, այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզվել, որ Խրիմյան Հայրիկի ժամանակներից միջազգային հարաբերությունների և աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել ... Իսկ կարող է պարզվել, որ ինչ–որ թեմաներ ինչ–որ շրջանակներ, մեր ինչ–որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել, մեր հայրենիքում, ՀՀ–ում, մեր անկախ ինքնիշխան պետությունը անհնար դարձնելու համար»,– հայտարարեց վարչապետը։ Նա ասաց, որ չի հավակնում այդ հարցերին պատասխան տալ, որովհետև դրանք լուրջ ու խորը հարցեր են, և ուղղակի հրավիրում է մտածել դրանց մասին։ «Ոչ թե մտավարժանքի բերումով, այլ որ մենք մեր հարցերին պատասխանենք էնպես, որ բանաձևը լուծվի հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության հարատևությունը իր միջազգային ճանաչված տարածքով ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի է, և այդպես էլ լինելու է», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։











