Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` դեկտեմբերի 19-ին, ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի եւ Միացյալ թագավորության միջեւ համագործակցությունը վերելք է ապրել: Սամվել Նիկոյանի խոսքով` երկու երկրների հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, տարբեր ձեւաչափերով շփումների ակտիվացման եւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար դեռ չօգտագործված մեծ ներուժ կա:
ԱԺ նախագահը կարեւորել է թե երկկողմ, եւ թե բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության զարգացումը: Սամվել Նիկոյանը պատրաստակություն հայտնեց ջանքերը ներդնել հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
Դեսպան Լոնսդեյլը շնորհավորել է Սամվել Նիկոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել է պաշտոնավարության ընթացքում: Նրա խոսքով այս շրջանը կարեւոր է նաեւ այն առումով, որ 6 ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է Հայաստանում ազատ եւ միջազգային չափանիշներին համահունչ ընտրությունների անցկացումը: Նիկոյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը թափանցիկ եւ արդար ընտրություններ իրականացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծին, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Վերջում Սամվել Նիկոյանը հաջողություններ մաղթել է դեսպանին նրա հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ համագործակցության ձեւավորված ավանդույթը կշարունակվի նաեւ նորանշանակ համատեղ դեսպանների` ամուսնական զույգի հետ, ովքեր ռոտացիայի սկզբունքով իրենց պաշտոնը կստանձնեն հունվարից:




























