Այն, որ ուզում են էսկալացիա հրահրեն, մենք դա գիտենք, բայց մեր խնդիրն է ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում լուծենք, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում լուծել։

Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ ասում են՝ սենց խոսում են, բա ինչի՞ չեն իրենք էլ սենց ասում. Ո՞րն է դրա նպատակը, որ սրտներս հովանա՞: Կարող է սրտներս հովանա, բայց սրտների հովացման արդյունքում լուծվի այն խնդիրը, որը ոչ թե մեր խնդիրն է, այլ դիմացինի խնդիրն է։ Եվ հետևաբար պետք է մենք հավասարակշռված լինենք, սառը դատողությամբ լինենք և մնանք փաստարկների դաշտում։ Երբ մենք փաստարկների դաշտից դուրս գանք և մտնենք էմոցիաների դաշտ, ինչը ցավոք մեր հետ պատահել է, դա լավ արդյունքների չի բերում։ Հետևաբար փաստարկների դաշտում է պետք մնալ»,-ասաց նա: