Ես էլ եմ նվիրատվություն ստացել, ընդ որում, բավականին մեծ. հայտարարագրել եմ արդեն իմ այդ նվիրատվությունը և աղբյուրն էլ քիչ առաջ ասեցի: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մեր համատեղ կյանքի ընթացքում մենք բնակարան ենք բ ձեռք բերել, այդ բնակարանը վաճառվել է, ես այդ բնակարանի գոյացած գումարից նվիրատվություն եմ ստացել, որովհետև այդ գումարից դե յուրե ինձ փոխանցելու ուրիշ տարբերակ չկա։ Ասել՝ վայ, պաշտոնյան նվիրատվություն է ստացել: Հա, ստացել եմ և հայտարարագրել եմ: Հեսա պաշտոնյաների հայտարարագրի մեջ էլ, դա, ենթադրում եմ, որ պետք է արտահայտվի»,-ասաց նա:
Լրագրողը նկատեց, որ հարցն այն մասին է, որ այդ նվիրատվության գումարի աղբյուրն է իրավասու պարզել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և դրա համար ունի գործիքակազմ, սակայն չի կիրառում այդ գործիքակազմը, և երբ չի կիրառում այդ գործիքակազմը, հարց է ծագում, թե ինչու է պետությունը որոշում հավելյալ պարտականություն դնել քաղաքացու վրա հայտարարագրի տեսքով, որպեսզի կարողանա նոր գործիքակազմ կիրառել, երբ առկա գործիքակազմը արդեն իսկ չի կիրառվում։
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես պատասխանատու ասում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, անկախ մարմին է, խնդրում եմ բոլոր հարցերը ուղղեք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասի, որ ես չեմ թողնում, որ ինքը այդ իրավասությունը իրականացնի, խնդրեմ հաջորդ ասուլիսի ժամանակ ինձ կհարցնեք, ես կպատասխանեմ:
Բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման բան ասելու որևէ հիմք ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա։»:





























