Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ոչ մի ուղերձ չհնչեցրեց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պարզապես փորձել է մեղմել այն տպավորությունները, որոնք հասարակության վրա թողել են նրա նախկին հայտարարությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Հասարակության մեջ կուտակվել է մեծ դժգոհության ալիք բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի, համընդհանուր հայտարարագրման և այլնի վերաբերյալ, և նա հասկացել է, որ պետք է ինչ-որ կերպ չեզոքացնել առաջացած լարվածությունը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը կտրված է իրականությունից, եթե կարծում է, որ նրա ամեն մի բառն այժմ ունի լուրջ կշիռ և հասարակության վստահությունն է վայելում: Նա, ըստ երևույթին, այդպես է մտածում, և դա է բացատրում նրա եթերային գերակտիվությունը»,- ավելացրել է նա:
Հակոբյանը հիշեցրեց սոցիալական հարցումների տվյալները, որոնք ապացուցում են, որ իշխանությունների և նրա առաջնորդի վարկանիշը հետևողականորեն անկում է ապրում, և բացասական միտում է ձևավորվել։
«Իշխանություններն իրենք են նման սոցիալական հարցումներ անում, հատուկ ծառայությունները դա անում են գրեթե երկու շաբաթը մեկ, ուստի իշխող ուժը գիտի իր վարկանիշի մասին, որը 2018 թվականից ի վեր 8 անգամ նվազել է։
Փաշինյանի ընտրողները հիմնականում մարզերում են, ուստի նա հաճախ էր այցելում նրանց, որտեղ, սակայն, բնակիչները դժգոհություն էին հայտնում իշխանություններին ուղղված տարբեր հարցերի շուրջ։
Ուստի իշխանություններն այժմ ամեն ինչ անում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո գոնե ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ե՛վ 2018-ին, և՛ 2021-ին նրանք իշխանության եկան «վերադարձնենք գողացվածը» կարգախոսով, բայց հիմա այս հարցում շատ բան չունեն ասելու, ինչը դժգոհություն է առաջացնում նույնիսկ իրենց մոլի ընտրողների շրջանում։ Այսօր Փաշինյանը, փաստացի, չկարողացավ այս հարցին ըստ էության պատասխանել»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հեռանկար նույնպես չի նշմարվում, իշխանությունները ընտրազանգվածին առաջարկելու բան չունեն:
«Փաշինյանի անձնական վարկանիշը համեմատելի է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի հետ և գտնվում է 11-15 տոկոսի սահմաններում։ Փաշինյանին աջակցում է միայն իր «ֆան ակումբը», և նա հույս ունի գոնե պահպանել նրանց։ Նա ընտրություններին ցածր մասնակցության հույս ունի։ Այս դեպքում նա կարող է մտածել, որ իր ընտրողների ակտիվության և վարչական ռեսուրսի (հիմնականում ուժայինների) կիրառման միջոցով կարող է հաղթել։ Նման պայմաններում իշխանությունները գլուխ չեն հանի առանց իրենց արբանյակների՝ կեղծ ընդդիմադիրների տեսքով»,- ասել է քաղաքական տեխնոլոգը
Հակոբյանը նշել է, որ եթե Փաշինյանը չկարողանա հասնել Ադրբեջանի հետ որևէ փաստաթղթի ստորագրման, որը կարող է ընդունվել որպես խաղաղության պայմանագիր, ապա արտահերթ ընտրությունների գնալն անիմաստ կլինի։
«Իշխանություններին անհրաժեշտ է ինչ-որ դրական խթանիչ՝ նման քայլի գնալու համար։ Ընդ որում, նրանք վաղուց են նախընտրական քարոզչություն անում՝ ի տարբերություն ընդդիմադիր ուժերի։
Այսօրվա պայմաններում հանրային դժգոհությունը կարող է վերածվել դիմադրության հզոր ալիքի։ Կա որոշակի զանգված, որին պետք է համապատասխան պատճառ, ձևաչափ, հարթակ և առաջնորդ»,- եզրափակել է փորձագետը։





























