Ռուսական երկաթուղային ընկերությունը խնդիրներ է հարուցում Հայաստան կատարվող բեռնափոխադրումների հարցում: Այդ մասին, այսօր` դեկտեմբերի 19-ին, հայտարարեց «Անտարես» ընկերության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ելույթ ունենալով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստում:

Նրա խոսքով` Ֆինլանդիայից տպագրական թուղթ են ներմուծում: Մինչ 2010 թ. ապրիլն այդ մատակարարումները երկաթուղու միջոցով կատարվել են պատշաճ կերպով` բեռը տեղ էր հասնում 10 օրում: Սակայն այնուհետ սկսել են ուշացումներ տեղի ունենալ: Ֆիննական ընկերությունից պարզաբանել են, որ պատճառը Ռուսաստանի «Первая грузовая компания» ընկերությունն է, որն այլեւս ընդհանուր օգտագործման վագոններ չի տրամադրում: Արդյունքում` բեռն ուղարկում են կոնտեյներով, որը ավելորդ ժամանակ է խլում` բեռները Հայաստան են հասնում 60 օրում: «Նամակ գրեցինք անձամբ Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինին, ու Հայաստանի կառավարությանը: Բայց մեր տրանսպորտի եւ կապի նախարարությունից զանգեցին ու շան լափ թափեցին մեր գլխին, թե ինչպես եք համարձակվել ռուսական ընկերությանը վարկաբեկել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նրա մտահոգությունները կիսեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով` խնդիրները ծագեցին այն բանից հետո, երբ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը տրոհվեց 2 մասի` առաջին եւ երկրորդ: Նոր ընկերությոնները հարցին բացառապես կոմերցիոն տեսանկյունից են մոտենում: Քանի որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների ծավալը մեծ չէ, չեն ցանկանում վագոններ տրամադրել` այն տնտեսապես շահավետ չէ: Ըստ Ա. Ղազարյանի` հարցը պետք է լուծվի միջպետական համաձայնագրով, իսկ մինչ այդ հարցը լուծվել է ավանդական «կաշառքի» միջոցով: