ՄԱԿ տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքի ամենամեծ քաղաքում՝ Գոմայում, ինտենսիվ մարտերի հետեւանքով կիրակի օրվանից զոհվել է առնվազն 700 մարդ, հայտնել է BBC News-ը։
ՄԱԿ մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ 2 800 մարդ վիրավորվել է, երբ Ռուանդայի կողմից աջակցվող M23-ի ապստամբները գրավել են Հյուսիսային Քիվու նահանգի մայրաքաղաքը:
Տեղեկացվել է, որ ապստամբները շարժվում են դեպի հարավ՝ Հարավային Քիվու նահանգի մայրաքաղաք Բուկավու։
Դյուժարիկը հայտնել է, որ զոհերի մասին տվյալները ստացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ նրա գործընկերների, ինչպես նաեւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության կողմից կիրակի եւ հինգշաբթի օրերին իրականացված գնահատման արդյունքում:
ՄԱԿ ներկայացուցիչը նաեւ զգուշացրել է, որ զոհերի թիվը կավելանա։
Փորձելով կասեցնել M23-ի առաջխաղացումը՝ Կոնգոյի զինվորականները պաշտպանական գիծ են ամրացրել Գոմայի եւ Բուկավուի ճանապարհին, հայտնել է AFP-ը։
Բուկավուն պաշտպանելու համար հավաքագրվել են հարյուրավոր կամավորներ:
Կոնգոյի արեւելքում հակամարտությունը սկսվել է 1990-ականներին, բայց վերջին շաբաթներին արագ սրվել է:
M23-ը՝ բաղկացած էթնիկ թութսիներից, հայտնել է, որ պայքարում է փոքրամասնությունների իրավունքների համար, մինչդեռ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունն ասում է, որ Ռուանդայի կողմից աջակցվող ապստամբները ձգտում են վերահսկել արեւելյան շրջանի հսկայական հանքային հարստությունները:





























