Ռուսական զորքերը թեւավոր եւ բալիստիկ հրթիռներով գրոհել են Ուկրաինան։ Խարկովի եւ Պոլտավայի մարզերում եղել են խոցումներ, կան զոհեր եւ տուժածներ քաղաքացիական բնակչության շրջանում, տեղեկացրել է «РБК-Украина-ն»։

Նշվել է, որ ռուսական զորքերը դեռեւս հունվարի 31-ի գիշերը Ուկրաինայի դեմ դրոններ են ուղարկել։ Առավոտյան մոտ ռուսները գրոհել են Ուկրաինան հրթիռներով։

Տեղի ժամանակով ժամը մոտ 07:07-ին Պոլտավայում պայթյուններ են որոտացել։ Շրջանի ռազմական վարչության նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ կամ զոհեր չեն գրանցվել։ Բայց Միրգորոդի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքին վնաս է պատճառվել։

Առանց էլեկտրականության է մնացել 164 կենցաղային եւ 1 իրավաբանական սպառող։ Մասնագետներն արդեն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Վերջին տվյալներով՝ Պոլտավայում հարված է հասցվել բնակելի շենքին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Բացի այդ, ռուսական զորքերը հրթիռներով գրոհել են Խարկովի եւ Խարկովի շրջանի վրա։ Խարկովի շրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հակառակորդի հարվածներ են գրանցվել Խարկովի եւ Բերեստինսկի շրջաններում։

Մի շարք պայթյուններ են գրանցվել նաեւ Խարկովում։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Խոլոդնոգորսկի շրջանում գրանցվել է գրոհ բնակելի թաղամասում, հրդեհ է բռնկվել հարվածի վայրում։ Սինեգուբովը հայտնել է, որ գրոհի հետեւանքով մահացել է մոտ 60 տարեկան մի կին։

Տեղի ժամանակով ժամը 08:40-ի դրությամբ Խարկովում հայտնի է հինգ տուժածի մասին։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ փետրվարի 1-ի կեսգիշերից հետո ռուսական բանակը 18 անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին։ Սա քաղաքի վրա ամենազանգվածային հարձակումներից է։

Տարբեր շրջաններում հրդեհներ են տեղի ունեցել, վնասվել են ենթակառուցվածքներ, բազմահարկեր եւ առանձնատներ։ Այրվել են ուսումնական հաստատություն, մեքենաներ, ավտոտնակներ, մասնավոր տներ։