Ամերիկացի գիտնականները նախազգուշացնում են. բնական ամանորյա եղեւնին հարուցում է փռշտոց, հազ, հոգնածություն եւ, անգամ անքնություն: Նման եզրակացության են հանգել Նյու Յորքի Ափսթեյթի բժշկական համալսարանի գիտնականները, հաղորդում է The Telegraph-ը:

Այս երեւույթն անմիջապես ստացել է «Ամանորյա տոնածառի ախտանիշ» անունը: Եւ այդ ամենի պատճառը ծառի կեղեւի վրա աճող սունկն է: Սնկի սպորները ներթափանցում են մարդու օրգանիզմ եւ խնդիրներ հարուցում: Գիտնականները շնչառական հիվանդությունների ավանդական աճը կապում են հենց եղեւնիների հետ:

Փորձագետները սնկի 53 տարատեսակ են հայտնաբերել: Մեծ մասը` մոտ 70 տոկոսը, հարուցել են քոր, արցունքաբերություն, հազ, ցավեր կրծքի հատվածում, քթի փակում:

Հետազոտության հեղինակ Լոուրենս Կարլանդսկին նշել է, որ որոշ սնկեր կարող են հանգեցնել բրոնխիտի եւ թոքաբորբի:

Ելքը, ըստ ամերիկացիների, մեկն է, միայն արհեստական տոնածառ, որոնց վնասակարության մասին տեղեկություններ գիտնականները չեն բերել, հայտնում է kp.ru-ն: