Փաստաբան Աբգար Պողոսյանը դատապարտել է Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութը տարածած անձին ձերբակալելը եւ հայտարարել, որ պատրաստ է անվճար ստնաձնել նրա պաշտպանությունը:

«Ամոթի զգացումը սահմաններ չունի: 
Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։ 
Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։
Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։
Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը եւ ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետեւ Բաբայանը ձերբակալվել էր: