Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում: Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հայաստանում այս րոպեներին ուզում են դատեն ու կալանավորեն մարդու, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, որ մի քանի մարդիկ ադրբեջաներենով Երևանի գլխավոր հրապարակում երգում էին «Ղարաբաղի» մասին։ Շինծու մեղադրանքը՝ «ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն»։

Կրկնեմ։ Հայաստանի քաղաքացի հայ մարդուն, ով բողոքել էր այդ ամենի դեմ, ուզում են կալանավորել։ 

Նորից կրկնեմ։Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում։

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը եւ ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետեւ Բաբայանը ձերբակալվել էր: