Ղարիբ Բաբայանի ձերբակալությունից վրդովված քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» մայրուղին։

Այս պահին դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ընդդիմադիր պատգամավորներ, Բագրատ Սրբազանը նույնպես այնտեղ է, վրդովված քաղաքացիները իրենց դժգոհությունն են հայտնում ձայնային ազդանշան տալով: Դատարանի բակում մեծ թվով ոստիկաններ են:

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը եւ ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետեւ Բաբայանը ձերբակալվել էր: