Լիխտենշտեյնի փոքրիկ իշխանությունն այսօր` դեկտեմբերի 19-ին, շենգենյան երկրների հետ չեղյալ է համարել սահմանային ստուգումները: Այսպիսիով, Լիխտենշտեյնը դարձել է շենգենյան գոտու 26-րդ երկիրը, հաղորդում է Newsru.com-ը:
Այսուհետ 26 եվրոպական երկրների ավելի քան 400 մլն բնակիչներ ազատորեն, առանց հատուկ ստուգման կարող են շրջել Շենգոնի գոտու երկրներում, հպարտորեն հայտարարել են Եվրամիության ներկայացուցիչները:
Լիխտենշտեյնը գաճաճ պետություն է Կենտրոնական Եվրոպայում, որի մակերեսը կազմում է 160 ք/կմ, բնակչությունը` շուրջ 35 հազար մարդ:
Լիխտենշտեյնի միանալը Շենգենի գոտուն հնարավոր եղավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 13-ին, ԵԽ-ն որոշեց, որ իշխանությունը պատրաստ է ամբողջ ծավալով կատարել շենգենյան գոտու անդամի վրա դրված պարտականությունները, պարզաբանում է New Europe-ը:
Լիխտենշտեյնը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր է ստորագրել 2008-ի փետրվարի 28-ին: Դա առաջին քայլն էր 1995-ին ստեղծված շենգենյան գոտուն միանալու ճանապարհին, սակայն սահմանների ստուգման վերացումը միշտ հետաձգվում էր, ԵՄ որոշ երկրների ղեկավարների առարկությունների պատճառով, ովքեր պնդում էին, որ Լիխտենշտեյնը բավարար չափով չի պայքարում հարկերից խուսափելու դեմ:
Այժմ, շենգենյան տարածքը ներառում է 26 եվրոպական երկիր, որոնցից 22-ը ԵՄ անդամ-երկրներ են, գումարած Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը:
Քննարկվում է ԵՄ անդամ Ռումինիայի եւ Բուլղարիայի շենգենյան գոտուն միանալու հարցը:




























