Խոշոր առեւտրային ցանցերն սկսում են մենաշնորհ դիրքեր գրավել ու շուտով կփակեն ողջ Հայաստանը: Դեկտեմբերի 19-ին, ելույթ ունենալով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստում, նման հայտարարություն արեց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով` թեեւ խոշոր առեւտրային ցանցերը (սուպերմարկետները) նոր ու լավ մշակույթ են ներմուծում, այնուամենայնիվ` սկսել են դաշտից դուրս մղել փոքր խանութներին: Ցանցերը վարձակալության են վերցնում նորանոր տարածքներ, ու որպեսզի կարողանան շուկայում դիրքեր գրավել` տարաբնույթ ակցիաներ են նախաձեռնում, որը շատ դեպքերում փաստացի դեմպինգ է: Փոքր բիզնեսին այդ դեպքում այլ ելք չի մնում, քան տարածքները վարձով հանձնել սուպերմարկետներին:

Ըստ Ա. Ղազարյանի` կան նաեւ այլ վտանգներ: Խոշոր ցանցերը կարողանում են պայմաններ թելադրել մատակարարներին, ուշացնում են վճարումները, կամ գնում են ներկրված ապրանքի ողջ խմբաքանակը`դառնալով գերիշխող տվյալ ապրանքային շուկայում: Ա. Ղազարյանի տեղեկացմամբ` այլ երկրներում նման խնդիրները կարգավորվում են օրենսդրորեն:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ մրցակցության մասին նոր օրենսդրությունը հնարավորություն է տվել սուպերմարկետներին բերել ՏՄՊՊՀ-ի վերահսկողության դաշտ: Արդեն իսկ 5 սուպերմարկետներ համարվում են գերիշխող, դրանք են` «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Սթար», «Նոր Զովք» եւ «Ֆրեշ» սուպերմարկետները:

ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը նշեց, որ սուպերմարկետները թույլ են տալիս այլ չարաշահումներ եւս: Օրինակ` պարտավորում են մատակարարին` տեղեկություն տրամադրել, թե ինչ այլ ընկերությունների են մատակարարում: Կամ` մատակարարից լրացուցիչ վճար են վերցնում ապրանքը ավելի լավ տեղում դնելու կամ գովազդային ակցիաներում ներառելու համար: