Իշխանությունն ասում է շարժակազմ է փոխել, դրա համար էլ թանկանում է տրանսպորտը, բայց մարդիկ ինձ ասում են՝ պարոն Մարության, մետրոյում շարժակազմը չի փոխվել ինչի՞ է թանկացել: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին ավտոբուսում Factor.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքային իշխանությունների պնդմանը, որ 300 դրամը մնացել է նույնը, իսկ 100 դրամը դարձել է 150 դրամ։

Ես էլ ասում եմ՝ ՔՊ-ին հարցրեք, դա իրենց արգումենտն է:

Ուղեւորներից մեկը բողոքեց, որ սարքը մերժում է իր գնած քարտը, ինչին Մարությանն ասաց. «Եթե մերժում է, դա իրենց տեխնիկական խնդրի պատճառով է, իրենք են պարտավոր ապահովել, որ չմերժի։ Եթե ինչ-որ խնդիր կա, իրենք պարտավոր են ապացուցեն, որ այդ խնդիրը կա։ Իրենք գործիք չունեն, որ այդ խնդիրը լուծեն: Դրա համար պետք է ունենան խելք, որպեսզի մտածեն, հասկանան, սիստեմը այնպես սարքեն, որ աշխատի: Ամբողջ աշխարհում մաքսիմալ այնպես են նայում, որ հեշտ լինի մարդուն և հեշտ լինի նաև ստուգելը: Այստեղ անում են, հետո մտածում են, 300 դրամ են սարքում, հետո տեսնում են՝ լավ չեղավ, 100 են սարքում: 

Գիտե՞ք, առաջին անգամ 300 դրամանոց տոմսը 70 րոպեով էր նախատեսված, իսկ ամսական տոմսը ոչ թե 9000 դրամ էր, այլ 11 հազար դրամ: Հիմա այդ փաթեթը անսահմանափակ է, իսկ այն ժամանակ սահմանափակ էր՝ 60 ուղեւորություն:

Այսինքն իրենց ցանկությունը դա էր, հետո ժողովրդի ճնշման տակ քիչ-քիչ իջեցրեցին, 300-ը դարձավ 70 րոպեից 90 րոպե, հետո այդ մի տոմսը 300 էր, հիմա մի տոմսը 150 է, ամսականը 11000-ից դարձավ 9000, այդ 60 ուղեւորությունը դարձավ անսահմանափակ: Այդ ամբողջը ճնշման շնորհիվ է լինում»,- ասաց Մարությանը:

Նա հիշեցրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ 150 դրամով տոմսը կլինի, հետո կթանկացնեն. «Քաղաքապետի ընտրություններից առաջ իրենք բացարձակ չասեցին, որ թանկացնելու են, իրենք մի բառ չասեցին, որ կարմիր գծերը թանկացնելու ենք, տրանսպորտը թանկացնելու ենք, հենց ընտրվեցին, այն էլ շատ կասկածելի ձևով, երկու ամիս անց սկսեց պրոցեսը։ Այսինքն, իրենք գիտեին, որ թանկացնելու են»: