Կանխիկին հետ վերադառնալը բացառվում է, այստեղ կարևոր է ֆիքսել, որ այս ծրագիրը, որ միասնական տոմս պետք է լինի, որ պետք է կանխիկից հրաժարվենք, իմ օրոք է սկսվել, մենք ենք սկսել, շատ մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման խնդրին:
«Արդեն պետք է ներդրվեր այս ամենը, այսինքն կանխիկից հրաժարվելու պահը, քարտային սիստեմի անցնելը, այդ ժամանակ ինձ ՔՊ-ն հեռացրեց քաղաքապետի պաշտոնից: Դա պետք է լիներ 2022 թվականի սկզբից, բայց սկսեց 2024-ին, այսինքն իրենք երկու տարի այս ռեֆորմը երկարացրեցին։
Այո, իմ ժամանակ է սկսվել քարտային քարտին անցնել, այսինքն կանխիկից հրաժարվելը, սև գումարներից հրաժարվելը, բայց իմ օրոք հստակ որոշում կար, որ այսուհետ քարտային սիստեմը, երբ արդեն սկսենք օգտագործել, ձեր մի հպումը տանելու է 100 դրամ։ Այդ ամեն ինչը կա, ֆիքսված է:
Այսինքն հպեցիր, տարավ 100 դրամ։ Քո քարտով բանկային կարող ես անել, հեռախոսով կարող ես անել, կարող ես հատուկ քարտ գնել, օրինակ, լիցքավորես 500 դրամ այդ քարտի մեջ և հինգ անգամ կարող ես ուղևորվել, երբ ուզում ես, լինի 3 ամսում, 6 ամսում, թե մեկ տարում: Սա էր իմաստը այս ամբողջ ռեֆորմի»,-ասաց Մարությանը:
Անդրադառնալով նրան, որ քաղաքային իշխանությունն իրեն մեղադրում է շոու անելու մեջ, Մարությանը ժպտաց. «Դե շոուների մասին կարծում եմ՝ իրենք պետք է չխոսեն, որովհետև 87 միլիոն տվել են իրենց ինագուրացիայի համար մեծ շոու են արել»:
Խոսելով բոյկոտի 4-րդ օրվա մասին, նախկին քաղաքապետն ասաց. ««Առավոտից մեր խմբերը բոյկոտի ակցիա են իրականացնում տարբեր տրանսպորտային միջոցներում, և ի վերջո մենք հասել ենք մի շատ լավ բոյկոտի ձևի, այսինքն մարդիկ գիտակցել են և հանգիստ, առանց վեճերի, առանց ինչ-որ տարբեր տիպի հակադարձությունների իրենց բոյկոտն են անում: Փառք Աստծո, վարորդները նույնպես շատ լավ վարքագիծ են դրսևորում:
Մարդիկ կան, այո, նաև վճարում են 150 դրամ, դա իրենց իրավունքն է: Ստեղծված է իդեալական պայմաններ, որ այն մարդիկ, ովքեր չունեն այդ 150 դրամը և կարողանում են երթևեկել 100 դրամով, իրենք երթևեկում են 100 դրամով հանգիստ։





























