Ես Եվրոմիության դեմ որևէ բան չունեմ, ես ուղղակի արձանագրում եմ մի փաստ, որ ԵՄ-ն մեզ չի սպասում:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին ինքն ավտոբուսում ԵՄ-ի անդամության հակաքարոզ էր անում, որը որեւէ կապ չուներ տրանսպորտի թանկացման դեմ:

«Ժողովրդին գցում են ստի մեջ և մարդիկ մանիպուլյացիայի են ենթարկվում: Ես այդ ժամանակ համեմատական արեցի, որ մանիպուլյացիա է այն, որ Հայաստանի քաղաքացուն հիմա փորձում են համոզել, որ մենք գնում ենք դեպի ԵՄ։ Մենք մաքսիմում գնում ենք դեպի Թուրքիա։ Արևմուտքը այստեղ չէ։ Արևմուտքը ֆիզիկապես երբեք այստեղ չի լինելու և մենք ունենք ռազմավարական գործընկերներ և մենք պետք է հաշվի նստենք մեր աշխարհագրության հետ։ Մենք ունենք այն հարևաններին, ում որ ունենք: Փաստ է, որ այդ հարևաններից երկուսը մեր թշնամիներն են և ևս փաստ է, որ եթե շարունակի այս ապիկար իշխանությունը իր դիվանագիտական գիծը, արտաքին իր վեկտորը, ապա այն հարևանները, որոնց հետ թշնամի չենք, ժամանակի ընթացքում ևս կդառնանք թշնամի, ինչը բերելու է մեր ազգի և պետության սուիցիդին:

Ես դեմ եմ ԵՄ անդամության թեզին, որովհետև ԵՄ-ն մեզ չի սպասում, այդ օրակարգը կեղծ է: Նայեք Վրաստանին, 2008 թվից իրենք արդեն ձևավորել և ստեղծել են այն փաստաթղթերը, որոնք որ մենք նոր-նոր սկսում ենք: Սաակաշվիլին Փաշինյանից հազար անգամ ավելի կիրթ և խելացի արևմտյան աշխատող և գործակալ էր։ Նա շատ ավելի մեծ գումարներ կարողացավ բերել իր երկիր և իրապես մեծ փոփոխություններ անել Վրաստանի ներսում, սակայն այդ ամենը հաշվի առնելով, միևնույն է այսօր վրաց ազգը հասկացավ, որ դա իլյուզիա է, դու չես կարող Կովկասից մտնես Եվրոպա, չի լինում նման բան։

Երբ որ դու քո կողքը ունես Իրան, Ռուսաստան, Թուրքիա, ոչ ոք քեզ չի տանելու ԵՄ: Դա իլյուզիա է: Այսքան տարածք, այսքան զոհ տալուց հետո, պետք է, չէ՞, մի լավ բան ասեն. իրենք էլ ասում են, դե հեսա, ժողովուրդ ջան, եկել ենք ձեզ տանենք ԵՄ»,- հայտարարեց Սամվել Հակոբյանը: