Բոյկոտում եմ, չեմ վճարում հանրային տրանսպորտի ուղեվարձը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:

Անդրադառնալով նրան, որ քաղաքային իշխանությունները նշում են, որ այն քաղաքացիները, ոևր բոյկոտում են կամ ուզում են 100 դրամ վճարել հանրային տրանսպորտին, իրենց համար թող վերադարձնեն «Գազելները«, որ դրանցով երթևեկեն, երեւանցի կինն արձագանքեց. «Ես զարմանում եմ, իսկ իրենք կհամաձայնե՞ն, որ իրենց մեքենաներից իջնեն ու «Գազելով» գնան կամ տրանսպորտով գնան: Իրենց մեքենաները նայե՞լ եք, ինչ մեքենաներ են: Սովորական ժողովուրդն էլ հարմար է գտնում  100 դրամով երթեւեկել:  ինքը հարմար է գտնում, այդպես է պետք գնալ, գալը։

Առավոտյան թոռներիս տանում եմ դպրոց, երկու թոռնիկ ունեմ, 300 դրամ տալիս եմ, հետո հետ եմ գալիս նորից 300 դրամ: Հիմա ես ինչքա՞ն տամ: Դե եթե այդպես լինի տաքսիով կգնամ, 500 դրամ կտամ տաքսուն»,-ասաց նա:

Քաղաքացին խոստովանեց,, որ նոր ավտոբուսները հարմարավետ են, քան «Գազելները». «Բայց նոր կապույտ «գազելները» հարմար չեն: Պիտի ամրագոտի լինի պահես, որ չընկնես, մի հատ որ իրենք արգելակում են, արդեն ընկնում ես»:

Մեկ այլ ուղեւոր էլ նշեց. «Նորմալ չէ նոր սակագինը։ Ստիպված տալիս ենք, ի՞նչ անենք։ Տանք, չտանք ոչինչ չի փոխվելու։ Չեմ կարծում, որ քաղաքային իշխանությունը հետքայլ կանի։ Եթե բարձրացնում են սակագինը, գոնե համեմատաբար տրանսպորտի  վիճակը բարելավվի, աշխատանքից հետո ընդհանրապես տուն գնալ չի լինում։ Ահավոր վիճակ է։ Ով ում վրա է բարձրանում, ինչպես է տուն հասնում, չգիտեմ»,- նշեց նա:

Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ  կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել ապօրինի թանկացումը,  չվճարել 150 դրամ կամ վճարել 100 դրամ։