Կարծում եմ, որ կորոնավիրուսի թեման լրացուցիչ գործիք կդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին՝ Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգայնագետ-քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա կփորձի ցույց տալ, որ Չինաստանն է մեղավոր ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի բռնկման համար։ Սարգսյանը նշել է, որ ԱՄՆ հետախուզության տարբեր ժամանակների տվյալները հաստատել են, որ կորոնավիրուսը դիտավորյալ դուրս է բերվել Ուհանի լաբորատորիայից, ինչը հանգեցրել է համապատասխան հետեւանքների ողջ աշխարհի համար։

Նրա գնահատմամբ՝ Թրամփը պատրաստվում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ եւ արդեն իսկ Պեկինի դեմ մաքսային ու հարկային ռեժիմներ է մտցնում՝ փորձելով պաշտպանել ամերիկյան բիզնեսը։

Փորձագետը հիշեցրել է, որ Թրամփը միլիարդատեր Իլոն Մասկին հանձնարարել է գնահատել ԱՄՆ կառավարության ծախսերի արդյունավետությունը, եւ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դարձել է առաջին թիրախներից մեկը։ Նրա խոսքով՝ Թրամփն ու Մասկը կարծում են, որ USAID հատկացրած միջոցներն անիմաստ են ծախսվում։ «Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ տրամադրված արտաքին օգնության ծավալից եւ նպատակահարմարությունից, նա կարծում է, որ այդ միջոցներն ավելի նպատակահարմար կծախսվեն երկրի ներսում»,- ավելացրել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը այս գործակալության միջոցով օգնություն է ցուցաբերել տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին։ «USAID-ը գործում էր պետդեպարտամենտից անկախ եւ հաշվետու չէր նրան, իսկ գործակալության ղեկավարները նախարարներին հավասար էին։ Նրանք կառավարության անդամներ էին։ Թրամփը կարծում է, որ արտաքին օգնությունը պետք է համակարգվի պետդեպարտամենտի կողմից, իսկ ծախսվող փողերը պետք է համապատասխանեն ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին»,- ամփոփել է քաղաքագետը։