Հարբած լողի ուսուցչին, ով շշից գինի էր խմել ու ընկել դպրոցի լողավազանը՝ արգելվել է զբաղվել իր մասնագիտությամբ, հայտնում է PA Media-ն։

30-ամյա Լիամ Նայթը «չէր կարողանում հստակ արտաբերել բառերը, աչքերն արյուն էին լցված, եւ նա չէր կարողանում կենտրոնանալ կամ կողմնորոշվել», երբ փոքր տարիքի աշակերտների հետ գտնվում էր ջրի մեջ», ասել են Մեծ Բրիտանիայի մանկավարժական գործունեությունը կարգավորող գործակալության հանձնաժողովում:

Մի շիշ վարդագույն գինին, որը գնել էր ուսուցիչը իր ճաշի ընդմիջման ժամանակ, ավելի ուշ հայտնաբերվել է զուգարանում:

Լողի ուսուցիչը պատմել է, որ հավանական է, որ ինքը գինին օգտագործել է Նորֆոլկի Նորվիչի մոտ գտնվող Դրեյթոն կրտսեր դպրոցի մոտ գտնվող այգում, որտեղ նա սկսել է աշխատել 2023 թվականի սեպտեմբերին:

Աշխատանքը սկսելուց ընդամենը մեկ ամիս անց նա դպրոց է բերել ալկոհոլ և ընդունել այնպիսի դեղամիջոցներ, որոնց մասին ղեկավարությանը չի ասել, հայտնել են հանձնաժողովում:

Նայթը խոստովանել է, որ լողի դասից առաջ դեղորայք է ընդունել, ինչպես նաև գինի խմել: Լողի ուսուցիչը խոստովանել է, որ ինքն «այն վիճակում չի եղել», որ պատասխանատու լինի իր դասարանի համար կամ գտնվի լողավազանում:

Դատարանը եկել է եզրակացության, որ Նայթը, ով այդ ժամանակվանից աշխատում էր որպես շտապօգնության ուղեկցորդ, մեղավոր է կարգապահությունը խախտելու մեջ և նրան երկու տարով արգելվել է դասավանդել: