Ադրբեջանի պետական գովազդային գործակալությունը (ADRA) «իր լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկի Բաքվում «Ռուսական տան» ցուցանակի իրավական պահանջների խախտման առնչությամբ», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս անգամ Ադրբեջանի իշխանություններին դուր չի եկել «Ռուսական տան» ցուցանակի տառաչափը։
«Մենք նշում ենք, որ «Գովազդի մասին» և «Ադրբեջանի Հանրապետության պետական լեզվի մասին» օրենքներին համապատասխան՝ գովազդատուի խնդրանքով գովազդային կառույցներում գովազդը կարող է պարունակել օտարալեզու մակագրություններ՝ ադրբեջաներենին զուգահեռ։ Սակայն օտարալեզու տեքստը պետք է տեղադրվի պետական լեզվով տեքստից հետո և տարածքով չգերազանցի այն:
«Ռուսական տան» մուտքի վերևի ցուցանակում այս կառույցի ադրբեջաներեն անվանումը դրված է ռուսերենից հետո, ինչը օրենքի խախտում է։
Գործակալությանը համապատասխան օրենսդրական ակտերով վերապահված լիազորությունների շրջանակում օրենսդրության պահանջների խախտման նշված փաստի կապակցությամբ կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցները։
Նրանք հավելել են, որ խախտումներ հայտնաբերվելու դեպքում գործակալությունը կազմում է արձանագրություն և գովազդ տարածողին պարտադիր կարգադրում՝ 5 օրվա ժամկետում խախտումները վերացնել։ Եթե պահանջները չկատարվեն, միջոցներ են ձեռնարկվում գովազդի տարածումը դադարեցնելու վերաբերյալ։
Բացի դրանից, ADRA-ն միջոցներ է ձեռնարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան, երբ խախտումների նշաններ է հայտնաբերում գովազդատուների և դիստրիբյուտորների գործողություններում, իսկ երբ հանցագործության նշաններ են հայտնաբերվում, այդ մասին տեղեկացնում է համապատասխան մարմիններին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հունվարի վերջին ՌԴ ԱԳՆ-ն հրավիրել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Ս. Մուստաֆաևին:
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է մեղադրանքների բացարձակ չհիմնավորվածությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և բողոքել ռուսական լրատվամիջոցներում «կեղծ հրապարակումներից կապակցությամբ»։
«Բացի դրանից, տեղական մամուլում «Ռուսական տան» մասին տեղեկության առնչությամբ նշվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, և նման կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի տարածքում հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։




























