Արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր քաղաքականությունը ազգային տնտեսության մոդելի տարրեր չի պարունակում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով` արդյունաբերական քաղաքականություն մշակելու փորձերը նոր չեն: Դեռեւս 1998 թ. իր ղեկավարությամբ փորձագիտական մի խումբ էկոնոմիկայի նախարարության համար մշակել է նման ծրագիր:

«Անկեղծ ասած` որոշակի լրջություն նկատում եմ, բայց չէի ցանկանա, որ կրկնվելու ճանապարհով գնային»,- ասաց Թ. Մանասերյանը: Նրա կարծիքով` ազգային արդյունաբերության զարգացումը պահանջում է բանիմաց կադրեր:

Թ. Մանասերյանը տեղեկացրեց նաեւ, որ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը կմշակի արդյունաբերական քաղաքականության իր հայեցակարգը, որը հանրությանը կներկայացվի հաջորդ տարվա սկզբներին: