Փետրվարի 5-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում գրոհի են անցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատեւն ասել է, որ հարձակումը հետ է մղվել, սակայն Կանեւսկի շրջանի Նովոմինսկայա գյուղում «բեկորներն ընկել են նավթամթերքի պահեստարանի վրա»։ Հրդեհ է բռնկվել, որին տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Հրդեհի մարմանը ներգրավվել են 55 մարդ եւ 19 միավոր տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ զոհեր եւ վիրավորներ չկան, հայտնել է The Moscow Times-ը։
Տեղի բնակիչները հայտնել են, որ հարձակման է ենթարկվել «Ալբաշնեֆտ» նավթաբազան։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր հրդեհի մասին։ Կոնդրատեւը վստահեցրել է, որ հրդեհը տեղայնացվել է ժամը 03:00-ին։ Սակայն Astra թելեգրամ-ալիքի աղբյուրները հայտնել են, որ ժամը 6:15-ի դրությամբ նավթաբազան շարունակում է այրվել։ «Ալբաշնեֆտ»-ի կայքում նշվել է, որ դա «միակ նավթավերամշակման գործարանն է Կանեւսկում», նրա հիմնական գործունեությունը նավթամթերքների, այդ թվում՝ բենզինի, դիզելային վառելիքի եւ մազութի արտադրությունն է։ Վերամշակման գործարանն ունի ութ պահեստարան՝ 9-10,3 հազար խորանարդ մետր տարողությամբ։ Այստեղ տարեկան վերամշակվում է մինչեւ 320 հազար տոննա նավթ։
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ասել է, որ «Ալբաշնեֆտը» «ռուսական բանակի լոգիստիկ օբյեկտ է»: Նավթավերամշակման գործարանը գտնվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից 230 կիլոմետր հեռու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդման մեջ չի հայտնել Կրասնոդարի երկրամասում հարձակումը հետ մղելու մասին։ Զեկույցում նշվել է Կուրսկի եւ Բելգորոդի մարզերում միայն չորս խփված անօդաչու թռչող սարքերի մասին։





























