Սպահան քաղաքում նոր ստորգետնյա երկաթուղու կառուցման ժամանակ տեղի է ունեցել մետրոյի թունելի մասնակի փլուզում։ Այս մասին հայտնել է Սպահան նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Մանսուր Շիշեֆորուշը։

«Այսօր մոտավորապես ժամը 03:40-ին հորատման աշխատանքների ժամանակ Սպահանի մետրոպոլիտենի երկրորդ գծի թունելի մասնակի փլուզում է տեղի ունեցել 14-րդ թաղամասի Օմիդ հրապարակի տարածքում»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Նրա խոսքով՝ փլուզման վայր է անմիջապես ուղարկվել ԱԻ արձագանքման երեք խումբ, երթուղիներն ու երթեւեկության գրաֆիկները ժամանակին ճշգրտվել են՝ քաղաքի բնակիչներին հնարավոր վտանգը կանխելու համար։

Ինչպես նշել է Շիշեֆորուշը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։