Ես գիշերը քնած եմ եղել, միայն առավոտյան է իմացել, որ նման դեպք է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին:
«Ես էլ ձեզ պես, ում բան եմ հարցնում, ասում է՝ չգիտեմ: Բոլորն էլ վախենում են խոսել, սենց դեպքից հետո ո՞վ իրեն թույլ կտա ինչ-որ բան խոսի: Ժողովրդի մեջ վախ կա, բոլորն էլ վախենում են, որովհետեւ ճշմարտությունը միշտ էլ մեռնում է, ժամանակից շուտ է մեռնում»,-ասաց նա:
Նշենք, որ այս գիշեր Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին եւ կրակոցները նաեւ իրեն են դիպել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:





























