Ես ճանաչում եմ մահացողին, իրենց տունը մեր դիմացի տունն է, խելոք երեխա էր, անծնող մեծացած երեխա էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին:

«Ես իմացա այդ ժամին սալյուտ են կրակում, չպատկերացրեցի, որ սենց բան կարող է լինել: Դա մինչեւ ժամը գիշերվա մեկն էր, զարմացա, այդ ժամին ի՞նչ սալյուտ: Առավոտյան նոր իմացանք, որ մարդ է մահացել: Լացի ձայներ էին գալիս, ես իմացա՝ վթար է եղել»,-ասաց բնակիչը՝ հավելելով, որ ընտրություններից հետո միշտ էլ լարվածություն եղել է:

«Թե ովքեր են եղել կրակողները, ես չգիտեմ, բայց որ հարեւանից անմեղ երեխեն մեռավ, լավ չեղավ»,- հավելեց նա:

Նշենք, որ այս գիշեր Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին եւ կրակոցները նաեւ իրեն են դիպել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: