Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիղովը, որն՝ ի նշան բողոքի իր ձերբակալության և վրացական իշխանությունների կողմից քաղաքական ապաստան տրամադրելու մերժման չոր հացադուլ է անում, նախնական կալանքի կենտրոնում կորցրել է գիտակցությունը։ Նրան ցուցաբերվել է բուժօգնություն, հայտնում է «Кавказский узел»-ը։

Ադրբեջանական Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիղովը անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ հացադուլ է սկսելու վրացական նախնական կալանքի կենտրոնում՝ ի նշան բողոքի իր ձերբակալության և ընդդեմ քաղաքական ապաստան տրամադրելու մերժման։ Նա բազմիցս մերժել է հացադուլը դադարեցնելու առաջարկը, սակայն հունվարին համաձայնել է վիտամիններով յոգուրտ ընդունել։ Փետրվարի 2-ին նա չոր հացադուլ էր հայտարարել։

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 28-ին թույլատրել է արտահանձնել Աֆղան Սադիգովին՝ չնայած նրա հետապնդման քաղաքական բնույթի մասին փաստարկներին։ Հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց այս որոշումը։ Հունվարի 31-ին Սադիղովի կալանքը երկարացվել է երեք ամսով՝ մինչև մայիսի 3-ը։

Փետրվարի 4-ի երեկոյան Աֆղան Սադիղովը կորցրել է գիտակցությունը Գլդանիի բանտային համալիրի նախնական կալանքի կենտրոնում, հայտնում է լրագրողի կինը։

«Մենք այսօր հեռախոսով խոսել ենք Աֆղանի հետ: Պարզվում է՝ նա երեկ կորցրել է գիտակցությունը։ Երեկոյան, երբ բժիշկները մտել են նրա խուց, նա փորձել է ոտքի կանգնել, բայց չի կարողացել և քիչ է մնացել ընկել. բժիշկներն պահել են, որ նա չընկնի։ Նա չի հիշում, թե ինչ եղավ հետո, քանի որ կորցրել է գիտակցությունը: Նա միայն այսօր առավոտյան է արթնացել։ Պարզվել է, որ բժիշկները նրան վիտամիններ և սննդանյութեր պարունակող հեղուկ են ներարկել։ Բժիշկներն ասել են, որ հետագա հացադուլը վտանգավոր կլինի Աֆղանի կյանքի համար։ Մյուս կողմից, քննչական մեկուսարանը պայմաններ չունի Աֆղանին նման վիճակում պահելու համար, և անհրաժեշտ է նրան տեղափոխել կլինիկա»,- «Кавказский узел»-ի թղթակցին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիղովան։

Լրագրողի կինը նշել է, որ փաստաբանին տեղեկացրել է ամուսնու վիճակի մասին, և որ ինքը հանդիպելու է նրա հետ։